Աննա Հակոբյանը ՔՊ-ական տղամարդկանց համո՞զել է

Աննա Հակոբյանը արշավ է իրականացնում ընդդեմ ընտանեկան բռնության, և մենք, որպես օրենսդիր մարմին արձագանքել ենք դրան, միացել ենք տիկին Հակոբյանի արշավին մեր օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ նաև իր առաջարկներն ենք ներառել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ԱԺ օրակարգում հայտնված օրենսդրական նախաձեռնությամբ։

Այդ առաջարկները հիմնված են հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների և այդ հավաքագրած պատմությունների վրա»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ նախագիծը հետաձգվեց երկու ամսով, արդյոք այն թերի էր, Բաթոյանը պատասխանեց. «Նախագիծը թերի չի, հետաձգվեց, որովհետև մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել տարբեր ոլորտներից, թե՛ կառավարությունից, թե՛ Ազգային ժողովի պատգամավորներից, և թե՛ իհարկե հասարակական կազմակերպություններից, և ինքներս էլ ունենք առաջարկներ։ Հետևաբար դրանք ևս մեկ անգամ վերանայելու նպատակով մենք շուրջ երկու շաբաթով երևի կհետաձգենք։ Հետաձգումը նախատեսվում է մինչև երկու ամիս, բայց մենք հոկտեմբերի 19-ին ԱԺ հանձնաժողովի նիստում կքննարկենք։

Այստեղ խոսքը մտահոգությունների մասին չէ, առաջարկները ծավալուն են, բավականին մեծ փաթեթ է, հինգ կամ ավելի նախագծեր կան՝ քրեական օրենսգիրքն է, ընտանեկան բռնության մասին օրենքն է, ոստիկանության մասին օրենքն է։ Մինչև տարեվերջ հնարավոր է ընդունվի նախագիծ առաջին ընթերցմամբ»,–ասաց նա։

Անդրադառնալով քննադատությանը, որ թե այս նախագիծը ընտանիքի մոդելի քանդմանն է վերաբերվում, Բաթոյանն ասաց. «Ես կարծում էի, որ այդ այդ քննարկումները արդեն դադարել են, որովհետև մենք երկար տարիներ է՝ այս տեսակ նախագծեր քննարկում ենք և ընդունել ենք, և արդեն ապացուցվել է, որ ոչ մի բան չի փոխվել այդ նախագծերի արդյունքում վատ իմաստով։

Հակառակը, սա մեր ընտանիքի պաշտպանության մասին է, որովհետև ընտանեկան բռնությունը առնչվում է ընտանիքի բոլոր անդամներին, մեծամասամբ տուժում են կանայք, կանանց հետ նաև երեխաներ, նաև տղամարդիկ։ Սա հակառակը՝ ընտանիքի պահպանության, ընտանիքի ամրապնդման մասին է, որովհետև բռնությունը մեր ընտանիքի մաս չի կազմում և չի կարող կազմել։ Եթե մենք մի քիչ ավելի խորը ուսումնասիրենք մեր պատմությունը, կտեսնենք, որ հայ կնոջ կամ հայ ընտանիքի մասին չէ բռնությունը»։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2024–ին ընդունցել է ընտանեկան բռնության մասին օրենքը, հիմա այն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել. «Խոսքը հատկապես, քրեական օրենսգրքի մասին է, որպես առանձին գլուխներ ունենալու ընտանեկան բռնության դրսևորումները։ Սա է պատճառը, որ մենք որոշեցինք նաև կառուցվածքային փոփոխության նաև միջոցով այդ խնդիրը լուծել»։

Հարցին՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը եղե՞լ են պատգամավորներ, որոնք դեմ են եղել այս կամ այն դրույթին. Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Մենք ավելի շատ լսել ենք նաև տիկին Հակոբյանին։ Քանի որ ինքը առաջարկ էր արել բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու, մենք հանդիպել էինք և լսել նաև իր մոտեցումները, իր մտավախությունները, իր լսած, հավաքագրած պատմությունները։ Այդ իմաստով տիկին Հակոբյանը մեզ իրազեկում էր և նաև խրախուսում էր այդ նախագծին դրական քվեարկել։

Տիկին Հակոբյանը, կարծում եմ՝ գաղտնիք չի, նաև դիմում էր տղամարդկանց, քանի որ այնուամենայնիվ մենք պիտի իրենց քվեով նաև այս օրենքը ընդունենք։ Քննարկումը շատ ապաքաղաքական էր»։

Ճշտող հարցին՝ ԱՆնա Հակոբյանը համոզե՞ց տղամարդ պտգամավորներին, Բաթոյանը ժպտալով պատասխանեց. «Լիագումար նիստին կտեսնենք իրենց քվեով։ Ուզում եմ շեշտել, որ իսկապես սա ապաքաղաքական ուղերձ էր այն իմաստով, որ բոլորին է ուղղված։ Մենք պիտի վեր լինենք թե տարբեր սեռային պատկանելիությունից, թե քաղաքական։ Սա բոլորիս է առնչվում, քաղաքական դեմքերը այսօր քաղաքականության մեջ են, վաղը կարող է և մեկ այլ զբաղմունք ունենան կամ իշխանություն լինեն, ընդդիմություն, տեղերով փոխվեն, բայց ընտանեկան բռնությունը մշտապես խնդիր է, որին պիտի մենք անդրադառնանք անկախ մեր դիրքորոշումից»։