Միջազգային քաղաքականության ոլորտում լինելու է...

2021 թվականը ամենայն հավանականությամբ, միջազգային քաղաքականության ոլորտում լինելու է բավական հետաքրքիր փոփոխությունների տարի։ Նախ, շարունակվելու է 2020 թվականի «ժառանգության» մարսումը, այն խնդիրների հետ կապված զարգացումները, որոնք դեռ անցյալ տարի էին սկսվել կամ ժառանգվել ավելի վաղ շրջանից։ Զուգահեռաբար նաեւ նոր խնդիրներ են առաջանալու, որոնց պետք է լուծում տան կամ որոնց հետ կապված գործողություններ պետք է իրականացվեն։ Ամենայն հավանականությամբ կլինեն ինչ ինչ զարգացումներ Լիբիայում։

Սիրիայում ամենայն հավանականությամբ իրավիճակը կշարունակի կայունանալ։ Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությունը կամբողջականանա արդեն հունվարի քսանին, որքան էլ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը դիմադրի։ Նոր վարչակազմը՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ կլինի ավելի ինստիտուցիոնալ եւ եվրաատլանտյան դաշինքին նվիրված։ Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն կվերադառնա Միջուկային գործարքի համաձայնագիր, ինչպես նաեւ Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիր, կվերականգնի անդամությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ Գերմանիան հրաժեշտ կտա Անգելա Մերկելին արդեն աշնանը՝ տեղի ունենալիք ընտրություններում։

Անգելա Մերկելը 15 տարի ԵՄ ամենահզոր տնտեսությունն ունեցող երկիրը ղեկավարելուց հետո որոշել է գնալ հանգստյան։ Ամանորի իր ուղերձում այդ մասին նա կրկին հայտարարել է։ Ռուսաստանը պատրաստվում է պառլամենտական ընտրությունների։ Դրանք իհարկե, կանխատեսելի են, սակայն ամեն դեպքում հետաքրքրական որոշ նյուանսներ կան։ Իհարկե, շարունակվելու են զարգացումները Թուրքիայի շուրջ։ Անկարայի առջեւ ընտրության հարց է դրվելու եւ Էրդողանի շուրջ օղակը կսեղմվի։ Իհարկե, Ադրբեջանի հարցով էլ որոշակի զարգացումներ կլինեն։ Այնպես որ, ինչպես ասում են, ձանձրանալու առիթ չենք ունենա։