Միջազգային համայնքն աջակցում է Հայաստանում ըն...

Երևանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան և ընտրական գործընթացների մատչելիությանը նվիրված հատուկ միջոցառում:

Միջոցառումը բացել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որին հաջորդել են Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերի և այլ դեսպանների ողջույնի ելույթները:

Միջոցառման մասնակիցները կարևորել են ընտրական գործընթացների ներառականությունը` իբրև ժողովրդական ուղու շրջադարձային հենասյուն, և վերջինիս միջոցով հասարակության բոլոր շերտերը ներկայացնող օրինակարգ իշխանությունների ընտրությունը: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի պետք է առանց խտրականության և անհիմն սահմանափակումների իրավունք և հնարավորություն ունենա քվեարկելու և ընտրվելու իրական ընտրություններում: Այն սահմանում է նաև այդ հնարավորություններն ապահովելու պետության պարտավորությունը։

ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրական գործընթացների մատչելիությունը խթանող նոր գործիք՝ ԿԸՀ կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեց, որում առկա է տեղամասային կենտրոնների մատչելիության մասին համապարփակ տեղեկատվություն՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ինտերակտիվ քարտեզն արտացոլում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից ընտրատեղամասերի մատչելիության գնահատման արդյունքում հավաքված տվյալները, որն իրականացվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջոցով` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի շրջանակում: Ինտերակտիվ քարտեզը մշակվել է ՀԸԳԱ-3 ծրագրի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք` որպես միջոցառման անմիջական շահառուներ, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կողմեր հնարավորություն են ունեցել որպես տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող ընտրողներ փորձարկել ընտրատեղամասի մատչելիությունը՝ Հաշմանդամություն ունեցող անձինք մեծապես գնահատել են նման միջոցառումների կարևորությունն ընտրությունների մատչելիության մեծացման համար և հույս հայտնել, որ այս միջոցառումն էականորեն կնպաստի ընտրական իրավունքների իրացման ժամանակ իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին իրազեկման բարձրացմանը: