Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում...

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը: Նա երախտագիտություն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ Լեհաստանում պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության և վերաբերմունքի համար:

Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում: Երկուստեք կարևորվել է ՀՀ Ազգային ժողովի և Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:

Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, և Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում:

Возможно, это изображение 9 человек

Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի սահմաններին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաև փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով: «Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում հասցեական արձագանքներ:

Լեհ գործընկերը շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ապահովում է խորհրդարանների միջև չընդհատվող կապը, ինչի շնորհիվ երկրների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ են ստացվում: Խոսելով ժողովրդավարական արժեքներից՝ նա կարևորել է ժողովրդի հանդեպ հաշվետվողականությունը՝ ընդգծելով նաև միջազգային գործընկերներին վերաբերող դիրքորոշումները: Այս համատեքստում Լեհաստանի Սեյմի մարշալեկը կարծիք է հայտնել հետագա համագործակցության բազմոլորտ ընդլայնման վերաբերյալ: Անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին՝ Էլժբիետա Վիտեկը նշել է, որ լեհերն անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից՝ մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի և հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրի ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում եւս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջել են խորհրդարանի շենքում: