Միջանցքի հետ կապված թեման փակված է եղել դեռևս...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (համանախագահությամբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի) կատարած աշխատանքների վերաբերյալ։

Վարչապետը հավելել է՝ շատ կարևոր է արձանագրել, որ հայկական կողմի ընկալումն այն է, որ, Ադրբեջանը պիտի ՀՀ սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն պիտի ունենա Իրանի և ՌԴ-ի հետ։ «Երբ մենք խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ։ Այսինքն, այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք գալ հնարավորինս արագ լուծումների»,- մանրամասնել է Փաշինյանը՝ նշելով, որ աշխատանքային խումբը գծագրել, ուսւմնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները։

Նրա խոսքով՝ տեխնիկական մասը իրականում աշխատատար, բայց ամենադժվար մասը չէ, ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն։

Անդրադառնալով հարցին, թե կարելի է ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո, որտեղ ասվում է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա երկրները պետք է իրենց տարածքում ճանապարհների վերահսկողության սուվերեն իրավունք ունենան, միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված համարել՝ Փաշինյանն ասել է․ «Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունը ստորագրված է եղել, և ես այդ թեմայով բազմիցս եմ արտահայտվել։ Մյուս կողմից ես շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանը երբեք այլ դիրքորոշումչի ունեցել։ Պիտի արձանագրենք, որ հրապարակարայնացվել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերն այդ մասին պայմանավորվել են։ Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ նրանք, ճիշտ է օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում են, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսինքն, իրականում մենք կարող ենք արձանագրել, որ, անկախ բառամթերքի նախընտրություներից, մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացինարի բացման մասին։ Եվ պիտի ասեմ, որ ՀՀ-ն շահագրգռգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես բազմիցս այդ մասին հրապարակել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, ՌԴ-ն էլ է շահագրգռված, Իրանն էլ, Թուրքիան էլ շահագրգռված են։ Խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները նույնակացնելու և մոտեցնելու մասին է»։