Կարծում եմ, պետք է քիչ ուշադրություն դարձնենք...

Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի քիչ ուշադրություն դարձնենք, թե որ երկրներից են գալիս նման հայտարարությունները: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, և ինչու է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել Հայաստանում ընտրությունների արդյունքները չընդունելու մասին: 

«Այսօր ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, ու ժողովուրդը ընտրել է իր իշխանությունը, հարևան երկրները ուզեն, թե չուզեն, հաշվի կնստեն այդ կարծիքների հետ: Մենք գիտենք, թե առաջին իսկ օրերից սկսած ինչքան մեծ թվով երկրներից ենք ստացել շնորհավորանքներ, բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը:

Այսպես էլ շարունակվելու է, ես կարծում եմ, որ այս պրոցեսները ավարտվելուց հետո բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով»,- նշել է նա: