ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, 2025 թվականին Տավուշի մարզի Իջևան համայնքում չորս նոր հողակտոր է ձեռք բերել՝ դրանց համար վճարելով 9 մլն ՀՀ դրամ գումար: Այս մասին գրում է NEWS.am-ը՝ ուսումնասիրելով Ղալումյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը:
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Վահե Ղալումյանն ընդհանուր առմամբ տիրապետում է 8 անշարժ գույքի, այդ թվում՝ 6 հողամասի (միանձնյա սեփականատերն է), Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանի (որի 1/3-ի սեփականատերն է 2021 թվականից) և Իջևան քաղաքում գտնվող առանձնատան։ Դրանցից 6-ը նա ձեռք է բերել իշխանափոխությունից հետո՝ 2021-2025 թվականներին:
Հաշվետու տարում Ղալումյանը հայտարարագրել է 9,500,000 ՀՀ դրամ և 1,008 ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ:
2025 թվականին Վահե Ղալումյանի ընդհանուր եկամուտը կազմել է 44,547,209 ՀՀ դրամ, որը ձևավորվել է Ազգային ժողովից ստացված 15,395,448 դրամ աշխատավարձից, Նարեկ Օհանյանից ստացված 18,500,000 դրամ գույքային իրավունքների եկամտից, Ֆինանսների նախարարության կողմից վերադարձված 2,851,761 դրամ եկամտային հարկից, ինչպես նաև որպես նվիրատվություն ստացված 7,800,000 դրամից։
Ղալումյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25,938,498 դրամ, որի մարման նպատակով տվյալ տարում նա ուղղել է 3,567,192 դրամ գումար:
2025 թվականին Ղալումյանը կատարել է նաև 26 մլն դրամի միանվագ ծախսեր:



