Միջադեպ՝ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում. 43...

Այսօր՝ ապրիլի 14-ին,SHAMSHYAN.com լուր էր հրապարակել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում տեղի ունեցած մի միջադեպի մասին, որով հայտնել էր, որ 43-ամյա կինը ոստիկաններին հայտնել էր, որ դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով տղայի հայրը վիճաբանել է իր հետ, ապա բռնել իր ձեռքն ու վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը մոտ 20-ից ավելի զանգեր է ստացել ու բոլորը նշում էին, որ ոստիկանություն ահազանգած կինը ստել է, գույները խստացրել է, անգամ դպրոցում ինքն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, տվել է տարաբնույթ հայհոյանքներ, փորձել հրահրել, որպեսզի տղամարդը դուրս գա հունից։ Բայց բազմաթիվ ծնողներ ու դպրոցի աշխատակիցներ այդ ամենին ներկա են եղել և հերքում էին, որ տղամարդը հարվածել է նրան։ Ընդհակառակը, ոչինչ չպատասխանելով՝ տղայի հայրը դպրոցից դուրս է եկել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը հաստատող տեսանյութ կա, որն արձանագրվել է դպրոցում տեղադրված տեսախցիկի կողմից, սակայն այս պահին չենք հրապարակում, քանի որ իրավական գործընթաց է սկսվել։ Անհրաժեշտության դեպքում SHAMSHYAN.com-ը տեսանյութը կհրապարակի, իսկ մինչ այդ պետք է այդ «վայ» կնոջ նկատմամբ իրավական գործընթացը մինչև վերջ տարվի, քանի որ, ինչպես նշում էին ահազանգողները, նրա հայտնածը ամբողջությամբ հերյուրանք է։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։