ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիայում գործարկելու է մի ծրագիր, որը միտված է լինելու այդ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ Ծրագրի կատարումը տեղում իրականացնելու է Թուրքիայի ամերիկյան դեսպանատունը։ Ծրագրի մասին փաստաթուղթը հրապարակվել է Պետդեպարտամենտի կողմից։ Այն ներառում է մի քանի կարեւոր ոլորտներ՝ օրենքի գերակայություն, կարծիքի արտահայտման իրավունք, անկախ լրատվամիջոցների հովանավորում, քաղաքացիական հասարակության հովանավորում, մարդու իրավունքների առաջ մղում։ Դրամաշնորհներից յուրաքանչյուրը կարող է արժենալ 5-50 հազար դոլար, իսկ թե քանի նման դրոմաշնորհ է մտադիր Միացյալ Նահանգները տրամադրել, չի նշվում։ Փաստաթուղթն ինքնին հետաքրքրական է, հատկապես, որ դրա իրականացումը ժամանակագրորեն համընկնում է Բայդենի կաբինետի գործունեության հետ, իսկ դեմոկրատների կաբինետը, հայտնի է, որ ունի գլոբալիստական տրամադրություններ, այդ թվում նաեւ՝ «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու եւ իրականացնելու մեծ փորձ, այլ կերպ ասած՝ դեմոկրատիայի արտահանման մեծ փորձ։ Ասել է, թե՝ Թուրքիայում Միացյալ Նահանգները պատրաստվում է գունավոր հեղափոխություն հասունացնել եւ իրականացնել առաջիկա չորս տարում։ Դա լիովին իրատեսական ծրագիր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ որքան բարձր է հոխորտում Թուրքիայի նախագահը, այնքան ավելի խորն է դեպի անդունդ գլորվում թուրքական տնտեսությունը։ Իսկ տնտեսապես գրեթե արյունաքամված երկրում ամենահեշտ բանը տնտեսական դժվարություններով պայմանավորված դժգոհությունը կապիտալիզացնելն ու քաղաքական պահանջների վերաձեւակերպելն է։ Այնպես որ կարելի է ենթադրել, որ առաջիկայում Թուրքիայում բավական դրամատիկ զարգացումներ ներքաղաքական կյանքում, կարելի է սպասել։



