Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ հայտարարել է, որ ներկայում ինքն իր երեխաներին խորհուրդ տա չէր ապրել կամ սովորել Միացյալ Նահանգներում՝ մատնանշելով արագ փոփոխվող սոցիալական մթնոլորտը և սահմանափակ հնարավորությունները նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար, հայտնում է Reuters-ը:
Վյուրցբուրգում անցկացված կաթոլիկ համագումարի ժամանակ երիտասարդների առջև ունեցած իր ելույթում Մերցն ասել է, որ մարդիկ չափազանց հակված են աշխարհի վիճակի մասին մտածել «աղետի ռեժիմով», և գերմանացիներին կոչ է արել ավելի մեծ լավատեսությամբ վերաբերվել սեփական երկրի ներուժին:
«Ես հաստատապես հավատում եմ, որ աշխարհում քիչ երկրներ կան, որոնք առաջարկում են... Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ, այնտեղ կրթություն ստանալ և աշխատել միայն այն պատճառով, որ այնտեղ հանկարծակի սոցիալական կլիմա է ձևավորվել»,- ասել է երեք երեխաների հայր 70-ամյա Մերցը: «Այսօր Ամերիկայում ամենակրթված մարդիկ անգամ աշխատանք գտնելու մեծ դժվարություններ ունեն»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:
«Ես Ամերիկայի մեծ երկրպագու եմ: Այս պահին իմ հիացմունքը չի աճում»,- ասել է նա՝ դահլիճի ծիծաղի և ծափահարությունների ներքո:
Անցյալ ամիս Մերցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նվաստացել է Իրանի դեմ պատերազմում, ինչը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը։
Մի քանի օր անց Վաշինգտոնը հայտարարեց Գերմանիայից զորքերի մասնակի դուրսբերման և Եվրոպական միության ավտոմեքենաների համար մաքսատուրքերի բարձրացման մասին՝ մի ոլորտում, որտեղ Գերմանիան ուժեղ դիրքեր ունի:



