Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը ներկայում պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը, սակայն Թեհրանը բաց է մնում ոչ պաշտոնական՝ կուլիսային դիվանագիտական շփումների համար։
Ֆիդանն այս մասին ասել է Associated Press-ին տված հարցազրույցում։
«Այս պահին պայմանները նպաստավոր չեն դիվանագիտության համար»,-նշել է Ֆիդանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, «իրանական կողմը պատրաստ է ցանկացած խելամիտ դիվանագիտության՝ ոչ պաշտոնական ուղիներով»։
Նրա խոսքով՝ Իրանը իրեն «դավաճանված է զգում», քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էին բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ»։
Ֆիդանը ընդգծել է, որ Անկարայի գլխավոր նպատակը հակամարտությունից հեռու մնալն է և որևէ կողմի հետ պատերազմի մեջ չներգրավվելը։
«Մենք գիտենք, որ մեզ կարող են սադրել և սադրանքներ կլինեն, սակայն ցանկանում ենք մնալ այս պատերազմից դուրս»,-նշել է նա։
Նախարարի խոսքով՝ մինչ հակամարտության սրումը Թուրքիան փորձել է միջնորդի դեր ստանձնել՝ առաջարկելով հարթակ, որտեղ ԱՄՆ-ն և Իրանը կարող էին համակողմանիորեն քննարկել միջուկային խնդիրը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։ Սակայն, ինչպես նշվում է, Թեհրանը նախընտրել է այլ միջնորդական ձևաչափ։
Ֆիդանը նաև հայտնել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Թուրքիան որսացել է իր ուղղությամբ արձակված մի քանի բալիստիկ հրթիռ։ Առաջին հրթիռը վնասազերծվել է մինչև երկրի օդային տարածք մուտք գործելը, իսկ մյուսները՝ արդեն Թուրքիայի օդային տարածքում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի տարածքային ամբողջականությունն ու օդային տարածքը պաշտպանելու համար։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ իշխանությունները ջանքեր են գործադրում՝ կանխելու երկրի ներգրավումը Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության մեջ։



