
Չկա ավելի տարօրինակ տեսարան, քան զանգովի արդարադատությունից բողոքող քոչարյանական պատգամավորը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, ԱԺ–ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
« Ես ուղղակի զարմացած եմ, ո՞ւր էիք, ժողովո՛ւրդ ջան, էս վերջին 30 տարին ուր էիք: Հաա, երևի ծնված չէիք: Երևի հույսը դրել եք այն մարդկանց վրա, որոնք այդ ժամանակ ծնված չէին: Ձեր հույսը երևի էն է, որ այսօրվա 18 տարեկան երիտասարդներ կան, որ Քոչարյանի նախագահությունը լավ չեն հիշում: Չէ, իրենք ծնողներ ունեն, ընկերներ ունեն, իրենք կպատմեն նրանց:
Եկեք մի բան անալիզի ենթարկենք, էլի: Այստեղ դաշնակցական և նաև քոչարյանական պատգամավորները հաճախ խոսում էին Հայ Առաքելական եկեղեցու երկու արքեպիսկոպոսների մասին, նրանց առաջադրված մեղադրանքի մասին՝ նրանց անվանելով քաղբանտարկյալ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը՝ այդ հարցը որակելով լակմուսի թուղթ մեր քաղաքական դաշտում՝ հասկանալու, թե ով ինչ է ուզում:
Նա առաջարկեց անալիզի ենթարկել արքեպիսկոպոսների «անվիճելի» արածները, ասածները և ընդդիմության արձագանքը և դա սկսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից:
Ռուբինյանը հիշեցրեց՝ Աջապահյանը հարցազրույցում ռազմական հեղաշրջման կոչ է արել, հետո մյուս հարցազրույցում հաստատել է՝ արել է ռազմական հեղաշրջում անելու կոչ, հետո էլ գնացել է տուն ու օրագրում գրառում արել այդ մասին:
«Հիմա կարո՞ղ եք բացատրել ինձ, սիրելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ինչո՞ւ է հարգարժան, մեծապատիվ սրբազան հայրը քաղբանտարկյալ»,- հայտարարեց Ռուբինյանը՝ անցնելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:
Նրա խոսքով՝ ըստ դատախազության մեղադրանքի հրապարակված ձայնագրությունների՝ Գալստանյանը ինչ-որ մեկի հետ խոսելիս ասում է, թե իրենց հետ չհամաձայնող մարդկանց պետք է պատի տակ գյուլլել, զրուցակիցն էլ հավելում է, թե դա ինքը անվանում է «լուսավորչական դիկտատուրա»:
«Սուտ չէ, ես բառացի ցիտում եմ»,- ընդգծեց ԱԺ նախագահի տեղակալը՝ պատասխանելով դահլիճից հնչող հակադարձումներին:
«Բայց դա Բագրատ Գալստանյանին ուղղված մեղադրանքի փոքր հատվածն է: Իրենք մեղադրվում են անկարգություններ կազմակերպելու համար: Ինչո՞վ է նա քաղբանտարկյալ»,- ասաց նա՝ հիշեցնելով արքեպիսկոպոսի հայտարարությունը առ այն, որ իր հետ շփվում են օտարերկրյա ուժային կենտրոններ:
Վերադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ Ռուբինյանը հայտարարեց՝ նա տարիներ շարունակ իր հայտարարություններում ուղիղ ասել է՝ դեմ է ժողովրդավարությանը:
«Ի՞նչ է սա խոսում ձեր մասին, սիրելի ընդդիմություն: Սա խոսում է այն մասին, որ եթե դուք առաջ, երբ տասնամյակներ շարունակ իշխանություն էիք, պարզվեց՝ հրաշալի մարդիկ եք, անկախ դատական համակարգի ջատագովներ եք, բայց չգիտես ինչու, երբ այդքան տարի իշխանություն էիք, դատական համակարգը չկայացրեցիք, հակառակը, զանգովի արդարադատության բենեֆիսն էր տիրում:
Դուք այն ժամանակ, երբ իշխանությունը պահում էիք ընտրություն կեղծելով, հիմա պատրաստվում եք իշխանությունը ուղղակի զավթել: Եթե ձեր ձեռքը իշխանություն ընկնի, ոչ թե ուղղակի ընտրություն եք կեղծելու, վերարտադրվեք, դուք վերացնելու եք ընտրության ինստիտուտը, գյուլլելու եք ձեր հետ չհամաձայնողներին: Սա է ձեր էությունը, դուք կապ չունեք ժողովրդավարության հետ»,- հայտարարեց Ռուբինյանը: