Մի քանի օրից Ստամբուլ եմ մեկնելու. Սիմոնյան

Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է եղել հեռախոսազանգը, ամենալավ և հարգալից հարաբերությունները ունեմ ՌԴ դաշնային խորհրդի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլի 7–ին իր և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հեռախոսազրույցին։

«Մենք մշտապես խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, հիմնական խոսակցությունը եղել է անձնական, ծննդյան  կապակցությամբ։

Մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, ինքը նույնպես այնտեղ լինելու է, ենթադրում եմ՝ այնտեղ կշփվենք։ Խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ»,–ասաց նա։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ստամբուլում սպասվող համաժողովի շրջանակներում  նախատեսված է հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի իր գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 7–ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ: