Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը սա որակում է զավեշտալի: Ասում է՝ երբ տեսել է լուսանկարը, աչքերին չի հավատացել.
«Ես Շիշկինի գործունեությանը ծանոթ եմ դեռևս 2012թ.-ից: Լավ է, գոնե, քաղաքական ապաստան չեն տվել: Նա բացահայտ նացիստ է, որը բազմաթիվ անգամներ նկատվել է հակահայկական և հակակովկասյան տարատեսակ միտինգներ, սադրիչ գործողություններ կատարելիս: Առհասարակ, զարմանալի է, թե այդ մարդն ինչպես է հայտնվել այստեղ: Մի մարդ, որը սադրում էր, որ հայերին տեղահան անեն Ռուսաստանից, ինչ գործ ունի Հայաստանում»:
Աբովյանն առայժմ զերծ է մնում քաղաքական գնահատականներից. «Ես հարցում եմ ուղարկել Միգրացիոն ծառայություն՝ հասկանալու այդ որոշման դրդապատճառները»:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրը խորքային է. Հայաստանը ունի նաև որոշակի միջազգային պարտավորություններ, որոնց արդյունքում կարող էր Շիշկինին տրամադրել փախստականի կարգավիճակը. «Բայց եթե նույնիսկ այդ պարտավորությունների շրջանակում է, միևնույն է, չի նվազեցնում Շիշկինի՝ Հայաստանում գտնվելու զավեշտալիությունը»:
Արման Աբովյանն այժմ սպասում է պաշտոնական հարցման պատասխանին: «Միգրացիոն ծառայությունը թող ուսումնասիրի Շիշկինի կենսագրությունը, պարզի՝ ինչի համար է ձերբակալվել, քաղաքական-հասարակական գործունեության ինչ անցյալ ունի»,-ամփոփում է պատգամավորը:



