Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի ենթակառուցվածքների կառուցման հատվածներին։ Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Թեև սահմանազատման աշխատանքները տևական ժամանակ է՝ չեն շարունակվում, Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ փուլի վերաբերյալ կողմերը դեռ պայմանավորվածություն չունեն։
«Հաջորդ փուլի աշխատանքների հետ կապված չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ՝ շուտով կլինի, կքննարկենք», - ասել է փոխվարչապետը՝ չբացառելով, որ TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն։
«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ անցկացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել, և՛ իրականացնել աշխատանքները», - նշել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը, չսպասելով TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը, պատրաստվում է սկսել Սյունիքով անցնող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները, որոնք հետագայում կփոխանցվեն ընկերությանը։
Թե կոնկրետ որտեղով կանցնեն այդ ենթակառուցվածքները, դեռ որոշված չէ։
«Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնենք, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի, ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում», - ասել է փոխվարչապետը։
Իսկ թե ինչն է խոչընդոտել սահմանազատման շարունակությանը մյուս հատվածներում, փոխվարչապետը պնդել է՝ խոչընդոտ չկա, թեև ընդունել է, որ գործընթացը դանդաղել է։
«Դանդաղել է, այո, համաձայն եմ։ Կա կանոնակարգ և իրավական բազա, և աշխատանքն ավելի շատ պետք է լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ, քան բարդ իրավական գործընթացներ», - ասել է Մհեր Գրիգորյանը։



