
Նախորդ շաբաթվա վերջին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդես եկավ անհնարինության առումով մի շարք ֆանտաստիկ հայտարարություններով՝ փորձ անելով մաքրել որոշ մարդկանց շատ կեղտոտ անունները, փորձ անելով մեզ հավասարեցնել և մեզ ուղղել նույն մեղադրանքները, որոնք ըստ էության իրականության մեջ վերաբերելի են բացարձակապես իրենց։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մեզ ասում է, որ մենք թալանում ենք, մենք դարձել ենք ամենահարուստները և այլն։ Այս տեքստերը ասում են, շատ լավ իմանալով, որ թե իրենցից սկսած մինչև Հայաստանի ամենահեռավոր համայնքում գտնվող մեր հայրենակիցը գիտի, որ սա բացարձակ սուտ է: Օրինակ, պարոն Մինասյանը ինձ շատ է հանդիպում ԱԺ–ի ավտոկայանատեղիում և օրինակ իմ մեքենան իր մեքենայից ավելի էժան է: Ես իշխող խմբակցության քարտուղարն եմ, ինքը ընդդիմադիր: Այսպես ո՞նց կլինի: Հիմա կարո՞ղ է, որ դուք սուտ դուրս չգաք, իմ մեքենան տամ ձեզ, ձեր մեքենան տվեք ինձ, որ դուք սուտ դուրս չգաք։
Նման տեքստեր ասելուց առաջ ես ձեզ խորհուրդ կտամ, նայեք Սեյրան Օհանյանի աչքերի մեջ և կտեսնեք մի քանի հարգանի առանձնատուն, կպտտվեք հետ, կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ կտեսնեք ՀԷԿ–երը, կնայեք Աղվան Վարդանյանի աչքերի մեջ, և կարող եք դիտել, թե ինչպես են, օրինակ, Դավթաշենից մի կտոր պոկում, դարձնում Զովունի, որ վրան հարմար տուն սարքեն։
Կնայեք Լևոն Քոչարյանի աչքերի մեջ նման տեքստեր ասելուց առաջ, կտեսնեք միլիոնավոր դոլարներ, որոնք հարյուրավոր մարդկանց կյանքի փող պետք է լինեին։ Վերջապես կնայեք Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ, կտեսնեք հոկտեմբերի 27-ը, կտեսնեք մարտի մեկը, կտեսնեք Պողոս Պողոսյանին։
Ընդհանրապես իրար աչքերի մեջ շուտ-շուտ կնայեք ու իրար աչքերի մեջ կտեսնեք Արցախի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը, կտեսնեք ձեր բաժին մեղքը Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի տեղահանման մեջ։ Ու հետո գալիս եք այստեղ, խոսում եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին թիրախավորելուց։
Էդ դուք չէի՞ք, որ միտինգներ էիք անում Հանրապետության հրապարակում, ամեն ինչ անում էիք, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը լքի իրենց հայրենի հողը, չպայքարի իր իրավունքների համար, գա Հայաստան, ավելի կոնկրետ Հանրապետության հրապարակ, ավելի կոնկրետ կառավարության դիմացի ձեր միտինգներին։ Դրանից էն կողմ էլ ո՞նց կարելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին։
Էդ մարդկանց չթողեցիք իրենց իրավունքների համար պայքարեն, բերեցիք Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ հելել եք իրանց վերադարձի մասին եք խոսում, ինչի եք խաբում էդ ժողովրդին ու սուտ պատրանքներով ներարկում։
Ախր դուք էլ գիտեք, որ դուք սուտ եք խոսում, չեք ամաչում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդից, որ շարունակում եք սին պատրանքներով խաբել ձեր քաղաքական նպատակները իրականացնելու համար»,–ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Նա նաեւ հայտարարեց. «Հայ ժողովրդի, հայ ժողովրդին թիրախավորելով սեփական քաղաքական նպատակներն իրականացնելը, ձեր հազարամյա, հարյուրամյա քաղաքական կոդի մեջ է և դա չի փոխվում»։