Մեզ սպանող օտարը

2018 թվականին, վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը մեծ շեշտադրում էր անում խորհրդանշական քայլերի վրա։ Դրանցից մեկը՝ Հայաստանի ղեկավարի ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ, արտոնյալ պետհամարանիշից հրաժարվելն էր։ Փաշինյանը հայտարարում էր, որ այն «դեն է շպրտել», արգելել է օգտագործումը և իր ծառայողական մեքենայի վրա փակցրել է խիստ շարքային պետհամարանիշ։

Այդ ժամանակ սա ներկայացվում էր ոչ թե որպես տեխնիկական որոշում, այլ գաղափարախոսություն․ իշխանությունը իջնում է ժողովրդի մակարդակին, վարչապետը «մեզնից մեկն է», ոչնչով չի տարբերվում շարքային քաղաքացուց։

Նույն տրամաբանության մեջ էր նաև նրա հրապարակային զարմանքը, երբ մարդիկ խոսում էին այն մասին, որ իր մեքենան կանգնում է կարմիր լույսի տակ։ Փաշինյանը դժգոհում էր՝ ասելով, թե դա ներկայացվում է որպես ձևականություն, մինչդեռ իր համար դա նորմալ, քաղաքացիական վարք է։

Բայց քաղաքական խոսքն արժեք ունի այնքան ժամանակ, որքան այն պահպանում է կապը իրականության հետ։

Տարիներ անց՝ 2022 թվականին, հենց նույն «մեզնից մեկի» շարասյունը կարմիր լույսի տակ չկանգնելու և արագություն գերազանցելու հետևանքով վրաերթի ենթարկեց հղի կնոջ։ Կինը մահացավ տեղում։

Ամենացնցողը ոչ միայն ողբերգությունն էր, այլ դրան հաջորդած սառնությունը․ վարչապետի մեքենան հանգիստ անցավ դիակի կողքով՝ անգամ չկանգնելով։ Սա տեղի ունեցավ այն դեպքում, երբ շարասյան մեջ կար նաև վարչապետին սպասարկող բժշկական անձնակազմի մեքենա։

Այստեղ «ձևականությունների» մասին խոսքն արդեն դառնում է ցինիզմ։

Պատերազմից հետո Փաշինյանը լուռ հրաժարվեց իր երբեմնի «խիստ շարքային» պետհամարանիշից։ Նրա մեքենայի վրա հայտնվեց 001 ՍՍ համարանիշը։ Ավելի ուշ «գոլդացվեց» նաև կնոջը սպասարկող մեքենան՝ 002 համարանիշով։

Իսկ 2026 թվականին իշխանությունն արդեն պաշտոնապես արձանագրեց այն, ինչ վաղուց ակնհայտ էր քաղաքական վարքագծում․ 001 ՍՍ-ը «պակաս գոլդ» է, չափազանց մոտ է հասարակ մահկանացուներին։ Կառավարության որոշմամբ վարչապետի մեքենայի պետհամարանիշը դարձավ պարզապես՝ 1։

Սա արդեն ոչ թե անվտանգային կամ կազմակերպչական հարց է, այլ աշխարհայացք։ Թիվը՝ որպես սիմվոլ։ Մեկը՝ բոլորից վեր։ Մեկը՝ առանձնացված։ Մեկը՝ օրենքից, կարմիր լույսից և պատասխանատվությունից դուրս։

2018-ին Փաշինյանը ասում էր՝ «ձեզնից մեկն եմ»։
2026-ին փաստերը ցույց են տալիս հակառակը։ Ոչ թե խոսքով, այլ համարանիշներով, շարասյուններով, անցած դիակներով ու չկանգնած մեքենաներով։

Նա օտար է։

Ժողովրդից օտարացումը միշտ սկսվում է փոքր խորհրդանիշներից։ Իսկ ավարտվում է նրանով, որ իշխանությունն այլևս չի տեսնում մարդուն։