
«Մեղադրող կողմը իբրև թե կոչը ցույց է տվել, հիմա էլ ասում է՝ տվյալ կոչի նպատակը եղել է հասարակության լայն շրջանակներին ուղղություն տալը՝ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով։ Այդ ո՞ր խոսքն եք կոչ դիտարկում։ Այն, որ ասում է՝ 6 տարի է այդ մասին ասում եմ բոլորին՝ նախագահներին էլ, ու չեն անում, դա՞»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող նիստի ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ինչպես տեսնում ենք՝ մեղադրող կողմը չի կատարել իր խոստումը և գոնե եզրափակիչ ելույթում չի վկայակոչել, թե 2024 թվականի փետրվարի 3-ին հարցազրույցում որն է եղել Միքայել Սրբազանի կողմից հնչեցված՝ իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Մեղադրողները գիտակցել են, որ որպես հանցագործություն ներկայացված 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում Միքայել Սրբազանը ընդհանրապես որևէ կոչ չէ արել։ Դրա համար իրենց եզրափակիչ ելույթում, մի կողմ թողնելով 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակությունը, երկու անգամ անդրադարձել են 2025 թվականի հունիսի 23–ի հարցազրույցի բովանդակությանը, որը սակայն, իրենց ասելով հանցագործություն չի հանդիսանում։ Քննիչը մեզ պաշտոնապես, գրավոր ասել է, որ հանցագործությունն ավարտվել է 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցի առաջին հրապարակման պահին։ Դատարանում մեղադրողները նույն բանն ասացին։ Հիմա ուզում են հիմնավորել, որ 2024 թվականի հարցազրույցում կոչ կա, և փոխարենը ցույց տան, ասեն՝ տեսեք, այս բանռերը կոչ են, ասում են՝ 2024 թվականի հարցազրույցում կա կոչ, որովհետև 2025 թվականի հունիսի 23-ի հարցազրուցյում վերահաստատելով նախորդ հարցազրույցում արտահայտած մտքերը, ներկայացրել է իշխանությունը փոխելու անհրաժեշտություն»,–ասաց Երեմ Սարգսյանը։
Նախորդ դատական նիստերի ընթացքում դատավարության կողմերը հանդես են եկել եզրակափիչ ելույթներով։ Այս դատական նիստի ընթացքում դատավարության կողմերը հանդես են գալիս հակիրճ նկատառումներով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հանդես կգա եզրափակիչ հայտարարությամբ։ Ամենայն հավանականությամբ, դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր կհեռանա առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։