Մեծ հնարավորություն կա միջազգային շուկա դուրս...

Մենք կարծում ենք, որ Միջին միջանցքը շատ կարևոր քայլ է ողջ տարածաշրջանի համար։ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց արտադրանքը միջազգային շուկա են արտահանում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով, իսկ հիմա տեսնում ենք, որ նրանք հնարավորություն ունեն արտահանել Կասպից ծովով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։

Նրա խոսքով, Ադրբեջանը նույնպես, որպես պետություն, կարող է ընդունել Կասպից ծովով անցնող ապրանքներն ու ծառայությունները և պայմաններ ստեղծել դրանց համաշխարհային շուկա մուտք գործելու համար։

«Այս ճանապարհը կարող է անցնել Վրաստանով, կամ մեծ հնարավորություն կա միջազգային շուկա դուրս գալու Հայաստանի և Թուրքիայի տարածքով։ Դա նաև կնվազեցնի տրանսպորտային ծախսերը և ապահով այլընտրանք կապահովի աշխարհաքաղաքական միջամտությանը: Այս միջանցքի բացումից կշահեն բոլոր երկրները՝ Տաջիկստանից մինչև Թուրքիա։ Մենք կարծում ենք, որ դա պետք է արվի բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, և մենք գիտենք, որ դա սկսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Օ՛Բրայենը նշել է, որ Միջին միջանցքով կարող են հետաքրքրված լինել Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, ինչպես նաև մեր ֆինանսական կորպորացիան և այլ կառույցներ։

«Կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից նախագիծը հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար և իսկապես կլինի ամենահաջողված խաղաղության նախագիծը։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ այն ընթանում է դրական ուղղությամբ, բայց մենք նաև կցանկանայինք տեսնել ավելի շատ աշխատանք: Մենք հայտարարել ենք այս նախագծի հետ կապված հնարավորությունները ուսումնասիրելու մեր մտադրության մասին: Սա ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության նախագիծ չէ, դա տնտեսական զարգացման և տարածաշրջանի ժողովուրդների քաղաքական հզորացման նախագիծ է»,- ասել է նա։