Ժամանակները մեզ են բերել հայրենիքի այս իրական...

Մենք կանգնած ենք մի սրբազան վայրում, որտեղ արձագանքները միայն հաղթանակների մասին են, որտեղ մեր մեծ զորավար Գարեգին Նժդեհն է ամփոփված: Այս մասին Խուտուփի լանջերին` Գարեգին Նժդեհի շիրիմի մոտ իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը:

«Ընդամենը մի խումբ մեր հայրերը իր գլխավորությամբ կերտել են հաղթանակ, որի շնորհիվ ոչ միայն Սյունաց աշխարհը, այլեւ ողջ Հայաստան աշխարհը իրավունքով ապրում է աշխարհի ազգերի շարքում: Իմ հուզումը մեր մեծի եւ մեր անպատիվ իրականության խաչաձեւման արդյունքում է տեղի ունենում: Այս այցելությունը ուխտագնացության խորհուրդ ունի մեզ համար մեր զորավարին այցելելու, իրենց ուժ խնդրելու, իերնից առաջնորդություն հայցելու, որ այնպես, ինչպես այն օրերին, այն ճակատագրական օրերին իր զինակիցներին կարողացավ ազատագրել իր տունը, այնպես էլ այսօր կարողանանք ազատագրել: Եւ իր խոսքերը մեջբերեմ, որ կրոնները եւ հայրենիքները պահանջում են սպասավորներ, որոնց ձեռքերը տաք են եւ մաքրամաքուր, այդպես են կառուցվում պետությունները: Եւ այսօր ժամանակները մեզ են բերել մեր հայրենիքի այս դժվար իրականության մեջ` պատասխանատվություն ստանձնելու այդ ազատագրվող խորհուրդով, մեր տան պատիվը վերականգնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու, մեր հայրենիքը վերականգնելու մեր մեծ զորավարին եւ ընդհանրապես մեր նահատակ հերոսներին հայրենիք եւ պատիվ վերադարձնելու: Իր եւ իրենց երազանքները այս օրերի մասին չէին»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ այցելությունը ոչ մի արժեք չի ունենա, եթե նրա հաջորդում չլինի հաղթանակները. «Մենք հաղթանակի միտված մարդիկ եւ ժողովուրդ ենք, ազգ ենք եւ իրավունք չունենք որեւէ ժամ այն կորցնելու մեր մտքերից, հոգիներից»: