Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունաքը կոչ Է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չտալ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը նոյեմբերին անցկացվելու Ինդոնեզիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սունաքի ներկայացուցչին:
«Քսանյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Բալի կղզում, նոյեմբերին: Սկզբում Արեւմուտքի մի շարք երկրներ, առաջին հերթին ԱՄՆ-ը եւ Կանադան, առաջարկում Էին ընդհանրապես «քսանյակից» բացառել Ռուսաստանին, սակայն G20-ի մյուս պետությունները չեն համաձայնել այդպիսի հարցադրմանը: Ինդոնեզիան որպես նախագահ ամենաբարձր մակարդակով ընդգծում Է, որ ցանկանում Է միավորել «քսանյակը» եւ թույլ չտալ դրա պառակտումը. գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ուղարկվել Է Պուտինին:
Ինդոնեզիան Արեւմուտքի երկրների հետ փոխզիջման կարգով «քսանյակի» հանդիպմանը որպես հյուր Է հրավիրել Ուկրաինային, որը չի մտնում G20-ի մեջ:
Ավելի վաղ ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Էր, որ Պուտինը G20-ի գագաթնաժողովին մասնակցելու լավագույն ձեւաչափի մասին որոշումը կընդունի այդ օրվա մոտենալուն համեմատ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: