Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական կարիքների համար հատկացրել է 3,5 մլրդ ֆունտ սթեռլինգ (մոտ 4,6 մլրդ դոլար)՝ բրիտանացի արտադրողներից ժամանակակից զենք գնելու նպատակով։ Այս մասին տեղեկացվել է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում։
Մեծ Բրիտանիայի առեւտրային առաքելությունը, որի մեջ մտել են պաշտպանության նախարարության, բիզնեսի եւ առեւտրի դեպարտամենտի, ինչպես նաեւ ADS պաշտպանական ասոցիացիայի ներկայացուցիչները, այցելել է Ուկրաինա՝ քննարկելու համար հետագա համագործակցությունը։ Առաքելության այցը համաձայնագրի շարունակությունն է, որը ստորագրվել է 2024թ. հուլիսին, ըստ որի՝ Կիեւը կարող է այդ միջոցներն օգտագործել նորագույն բրիտանական սպառազինություն գնելու համար։
Պատվիրակությունը գլխավորել է զինված ուժերի գծով պետքարտուղարի տեղակալ Լյուկ Փոլարդը։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է Ուկրաինային համակողմանի աջակցություն ցուցաբերել ինչպես ռազմական տեխնիկայի մատակարարման, այնպես էլ ուկրաինական պաշտպանական արդյունաբերության հետ համագործակցության զարգացման միջոցով։ Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստում է ներդրումների ներգրավմանը եւ երկու երկրների հնարավորությունների ամրապնդմանը։
Կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի կարիքները համալիր սպառազինությունների, ցամաքային համակարգերի հարցում։ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կնքել է մի քանի կարեւոր պայմանագրեր երկրի առաջատար ընկերությոնների հետ։ Ստորագրվել է նաեւ համաձայնագիր Thales ընկերության հետ ՀՕՊ համակարգերի համար հրթիռների մատակարարման, ինչպես նաեւ Sheffield Forgemasters-ի հետ՝ հրետանային արկերի փաթեթների արտադրման վերաբերյալ։