
Մեծ Բրիտանիան պարտավոր է պատրաստ լինել զինված հակամարտության, որպեսզի խուսափի դրա առաջացումից: Sky News-ը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով Ռազմավարական պաշտպանության ծրագիրը։
«Ես հավատում եմ, որ հակամարտությունը զսպելու լավագույն միջոցը դրան պատրաստվելն է», - հայտարարել է նա և հիշեցրել Ռուսաստանից եկող «իրական սպառնալիքի» մասին։
«Ես մտահոգված եմ Ռուսաստանից եկող շարունակական սպառնալիքի առնչությամբ՝ լինի դա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունը, թե ավելի լայնածավալ իրադարձություններ», - պարզաբանել է վարչապետը։
Նա նաև խոստացել է ապահովել անվտանգությունը Լա Մանշի նեղուցում և նշել է, որ Լոնդոնը Ֆրանսիայի հետ համագործակցում է այս հարցում։
Սթարմերը հիշատակել է Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ի հասցնելու պլանները, սակայն հրաժարվել է ժամկետներ նշել, որի ընթացքում կհաջողվեր հասնել այդ ցուցանիշին։ Ավելի վաղ Սթարմերը համաձայնել էր կրճատել Մեծ Բրիտանիայի միջազգային օգնությունը, որպեսզի մինչև 2027 թվականը պաշտպանական ծախսերը հասնեն ՀՆԱ-ի 2,5%-ին։ Իր ելույթում Բրիտանիայի վարչապետը չի բացառել միջազգային օգնության բյուջեի հետագա կրճատումը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Լոնդոնը մտադիր է կառուցել Astute դասի 12 միջուկային հարվածային սուզանավ և յոթ հազար միավոր հեռահար զենք գնել մասշտաբային Ռազմավարական պաշտպանության ծրագրի շրջանակներում: Բացի այդ, Լոնդոնը մտադիր է առաջիկա տարիներին ավելի քան 20,3 միլիարդ դոլար ներդնել միջուկային մարտագլխիկների արդիականացման ծրագրում: