Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը հայտարարել է, որ Չինաստանը սկսել է մահաբեր զենք ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, հայտնում է BBC-ն։
Լոնդոնում պաշտպանական համաժողովի ժամանակ Շապսն ասել է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել նման առաքումների մասին։
«Մենք ապացույցներ ունենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են Ուկրաինայում կիրառվող ռազմական տեխնիկայի հարցում», - ասել է Շապսը: «Ամերիկյան և բրիտանական հետախուզությունը տեղեկատվություն կհրապարակի այն մասին, որ Չինաստանից մահաբեր օգնություն է ուղարկվում Ռուսաստան, այնուհետև Ուկրաինա»:
Մայիսի կեսերին նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Չինաստան և իր հետ բերեց Ռուսաստանի կառավարության բոլոր առանցքային պաշտոնյաներին, որոնք սկսեցին աշխատել նրա երդմնակալությունից հետո ևս մեկ ժամկետով։
Շապսն ասել է, որ Պեկինի և Մոսկվայի միջև առևտուրն աճել է 65%-ով, ինչը «ցույց է տալիս, որ այստեղ մենք խոսում ենք շատ ավելի սերտ հարաբերությունների մասին»:
«Սա նոր հետախուզություն է, որը ես այսօր կարող եմ գաղտնազերծել. այն խոսում է դրա մասին: Կարծում եմ, որ դա բավականին կարևոր է», - ասաց Շապսը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չի հստակեցրել, թե չինական ինչ զինատեսակների մասին է խոսքը։
Նախկինում բազմիցս հայտնվել են ապացույցներ, որ Չինաստանը դարձել է Ռուսաստանի հիմնական մատակարարը տարբեր զենքերի, այդ թվում՝ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ ապրանքների։