Կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն բանավիճելու հնարավորություն չեն ընձեռել իշխանական կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու հետ, այս մասին տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլուն հրավիրել է բանավեճի։ Նա նաեւ առաջարկել է ընդդիմությանը ընտրություններից առաջ նշել ապագա տեխնիկական կառավարության կազմը։ Այդ կառավարությունը պետք է կատարի Բրյուսելի 9 հանձնարարականները ԵՄ-ին Վրաստանի անդամակցության երկխոսությունն սկսելու համար։ Իր ուղերձների պատճառով նախագահը դարձել է «Վրացական երազանքի» քննադատության եւ վիրավորանքների թիրախը։
«Շատ ցածր քաշ ունեցող քաղաքական գործիչը չի կարող բանավեճի կանչել այնպիսի գերքաշային, հեղինակավոր եւ ազդեցիկ քաղաքական եւ հասարակական գործչի, ինչպիսին Բիձինա Իվանիշվիլին է։ Այդ բանավեճը չի կայանա»,- հայտնել է «Վրացական երազանքի» պատգամավոր Բեկա Օդիշարիան՝ ի պատասխան Սալոմե Զուրաբիշվիլու առաջարկի։
Կառավարող ուժի այլ ներկայացուցիչներ նույնպես նախագայի առաջաջարկն անլուրջ են համարել։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պետության ղեկավարին մեղադրել է Վրաստանի Սահմանադրությունը խախտելու եւ նախընտրական քարոզչությանը մասնակցելու մեջ։
Ավելի կտրուկ է եղել խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Ալուդա Գուդուշաուրին. «Հանձին Սալոմե Զուրաբիշվիլու ամբիոնից խոսում էր «Ազգային շարժման»՝ ոչ ավելի, ոչ պակաս, անտաղանդ, ցածրակարգ քարոզչուհին»։
Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Իվանիշվիլու դեմ, որին անվանել է Կրեմլի հետ կապված «օլիգարխ», որը բացասական ազդեցություն է գործում Վրաստանում դեմոկրատիայի զարգացման վրա։
Անցած տարի Իվանիշվիլին պաշտոնապես վերադարձել է քաղաքականություն՝ դառնալով «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը՝ լայն լիազորություններով։ Վրաստանի իշխանությունում չեն բացառել, որ օլիգարխը կարող է առաջադրվել Վրաստանի նախագահ։



