Մերկասառույցի պատճառով տեղի ունեցած ավտովթար

Այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Պրավին Մեկալային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 9-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով։

Այդ օրը ևս 2 հոգի, որոնցից մեկը վրաերթի էր ենթարկվել, տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 9-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել էին «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհը եղել էր մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։