Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դեսպանատներից աշխատակ...

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դեսպանատներից աշխատակիցների մի մասը տարհանվում է։ Այսպիսով, գրել է CNN-ը, ԱՄՆ պետդեպարտամենտը չորեքշաբթի հրամայել է, որ այն աշխատակիցները, առանց որոնց դեսպանատունը կարող է շարունակել գործել, հեռանան Իրաքից։ Որոշումը բացատրվել է «տարածաշրջանում լարվածության աճով»։Կառավարական աղբյուրների տվյալներով՝ նախատեսվում է նաեւ Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող դեսպանատներից որոշ աշխատակիցների հեռացում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Մերձավոր Արեւելքում գտնվող դեսպանատների որոշ աշխատակիցներ հեռացվում են անվտանգության նկատառումներից ելնելով:«Այո, նրանց դուրս են բերում, որովհետեւ այն [Մերձավոր Արեւելքը] կարող է վտանգավոր վայր լինել,- ասել է Թրամփը լրագրողներին։- Մենք նրանց դուրս բերելու ցուցում ենք տվել, եւ տեսնենք, թե ինչ կլինի հետո»։Դիվանագետներին տարհանում են այն տեղեկությունների ֆոնին, որ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թիրախներին: Թրամփը The New York Post-ին ասել է, որ Թեհրանը «ձգձգում» է միջուկային համաձայնագրի հարցում: Թրամփը նշել է, որ «ավելի ու ավելի քիչ վստահություն» ունի, որ Իրանի հետ կարելի է համաձայնության գալ: