Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մյուս սպանվածը Քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է, որն այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Կարեն Աբրահամյանը ընկերական հարաբերություններ է ունեցել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ և զինված հարձակման պահին նրա հետ է եղել։



