Մերցը Նեթանյահուից պահանջում է թույլատրել ավե...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «կոշտ» հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և կոչ է արել նրան համաձայնություն ձեռք բերել Գազայի հատվածում հրադադարի շուրջ։ Այս մասին հայտնում է «The New York Times» (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Մերցը Նեթանյահուից պահանջում է թույլատրել ավելացնել պարենի և բժշկական օգնության մատակարարումն անկլավին։ Գերմանիայի կանցլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վարչապետի վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Քիր Սթարմերի հետ հուլիսի 28-ի համատեղ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնել են աղբյուրները։

Թերթը նշում է, որ Գազայի ծանր հումանիտար իրավիճակը «անհարմար վիճակում» է դրել Մերցին, որը դաշնակցային հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, քանի որ Գերմանիայի կառավարության վրա ավելի ու ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ հրեական պետության դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Թրամփը որոշել է խստացնել իր հռետորաբանությունը Նեթանյահուի նկատմամբ այն բանից հետո, երբ տեսել է Գազայի հատվածում սովյալ երեխաների կադրերը։ Հուլիսի 18-ին Գերմանիայի կանցլերը կտրուկ քննադատել է Գազայում Իսրայելի գործողությունները և անընդունելի անվանել անկլավի իրավիճակը։