Մեր ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ...

«Յոթ տարի է սերիալի նման եմ մամուլ կարդում՝ տեսնելու՝ հիմա՞ ինչ եմ արել։ 7 տարի է՝ զոհասեղանին եմ, ինձ զոհում ու զոհում են»,- մամուլի ասուլիսի ժամանակ հեգնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե մամուլը հաճախ է խոսում նրա բիզնեսների, առանձնատների և Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր «զոհաբերման» մասին։

«Մամուլում ունենք ահռելի ծավալի կոռուպցիայի մակարդակ և սև փողերի շրջանառություն։ Ասում են՝ իմ որևէ հարստություն մեր իշխանության գալու հետ զուգահեռ է։ Հետաքննական լրատվականը հարցադրում է անում, թե իմ ընտանիքի վիճակը նո՞ր է բարելավվել։ Բայց կարող էին դիմել ԿԸՀ և ստանալ 2017թ. իմ հայտարարագիրը, ճշտել, որ Ավինյանը նոր էր Լոնդոնից վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին, որտեղ ուսանել էր նաև կինը՝ էլի ընտանիքի հաշվին, Ավինյանի եղբայրը ուսանել էր Իսպանիայում։ Եվ կներեք, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր Մերսեդես ջիպի մեջ, չէր մտածում, որ ինքը ֆինանսական խնդիրներ ունի։

Այս մանիպուլյացիան տեղի է ունենում 7 տարի՝ ներկայացնելով, թե Տիգրան Ավինյանը սոված էր, ոչ մի բան չուներ։ Չգիտեմ, բա ո՞նց է Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղի՞ց, առանձնատունը որտեղի՞ց, հեկտարներով հողերը որտեղի՞ց։ Ասեմ որտեղից՝ արդար, քրտինքով աշխատած՝ մինչև 2018թ.։

Հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ոչ համայնքի հետ, ոչ պետության»,- ասաց Ավինյանը։

Մանրամասն՝ տեսնայութում։