Մեր ընդհանուր առաջնահերթություններից մեկը երկ...
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նախարարը շնորհավորել է Լեյլա Մելիուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՊՀԾ-ի հետ ձևավորված համագործակցությունը։ Նախարարը նշել է, որ ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի ազգային առաջնահերթություններին և ոլորտային ռազմավարություններին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել իրական առաջընթաց ամենակարևոր ոլորտներում:
 
Կողմերն անդրադարձել են ՊՀԾ-ի կողմից մշակվող 2026-2030 թթ. համար Հայաստանի ռազմավարական ծրագրին, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի ու նախաձեռնությունների, այդ թվում՝ կլիմայական փոփոխություններին հարմարվելու և սննդի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
 
«Մեր ընդհանուր առաջնահերթություններից մեկը երկրում պարենային անվտանգության բարելավումն է: Այս առումով, համատեղ մշակված պարենային անվտանգության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը կարևոր են և հիմք են ստեղծում Հայաստանի համար ավելի անվտանգ, ինքնաբավ և դիմացկուն պարենային համակարգի կառուցման համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։
 
Հանդիպման ավարտին ընդգծվել է ՊՀԾ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը և նոր ծրագրերի ու գաղափարների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։