
Հարցում են անում՝ մեր ուենցվածքն իշխանությանը զուգահե՞ռ է, թե՝ ոչ, ինձ հետաքրքիր է՝ որևէ լրատվական չէր կարո՞ղ հարցում անել, օրինակ, ԿԸՀ և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հանձնել է հայտարարագիր: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե հարստացել են իշխանության գալուց հետո:
«Այդ ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի երկու-երեք տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին, որտեղ ուսանել էր նաև իր կինն իր ընտանիքի հաշվին, դրան զուգահեռ ուսանել էր Իսպանիայում իր եղբայրը, կրկին իր ընտանիքի հաշվին: Կներեք, իհարկե, շատ տգեղ այս մանրամասնությունների համար, ես կյանքում ինձ նման բան թույլ չէի տա, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը նստած իր Mercedes Jeep-ի մեջ չէր մտածում, որ ֆինանսական հաջողությունների ինքը խնդիր ունի էլի առհասարակ:
Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով որևէ մրցույթի տենդերի երբևէ չի մասնակցել, կարամ գնամ մինչև պապուս հասնեմ, բայց ուզում եմ ասել՝ այս մանիպուլյացիան, որ տեղի է ունեցել այդպես յոթ տարի, իրար հետևից կաթ-կաթ, կաթ-կաթ, մինչև այդ քարը կծակվի, որ ներկայացնենք, որ Տիգրան Ավինյանը, կներեք, բայց սոված էր, ոչ մի բան չուներ»,- ասաց նա:
Ապա հարց բարձրացրեց՝ եթե չուներ ինչպե՞ս էր Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղի՞ց, առանձնատունը այն ժամանակվա որտեղի՞ց, հեկտարներով տասնյակ հողերը որտեղի՞ց:
«Ասեմ՝ որտեղից, ժողովո՛ւրդ ջան, արդար քրտինքով աշխատած, մինչև 18 թվականը: Ասեմ ավելին՝ հիմա մեր ընտանիքի որևէ բիզնես, նախաձեռնություն կապ չունի ո՛չ համայնքի հետ, ո՛չ պետության հետ, մաքսիմալ նաև որոշ դեպքերում ՀՀ հետ։ Այսինքն, այն պարագաներում, երբ որ գիտեք, իրականում ձեր ասածը ճշմարտություն լիներ, որ մեր ֆինանսական վիճակը, մեր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է իմ քաղաքական գործունեությանը զուգահեռ, միգուցե ինչ-որ տեղ հլը այդպես ինչ-որ դեբատի հարց լիներ»,- ասաց նա