Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմա...

Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա իշխանություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 11 անգամ, ինչը արտառոց երևույթ է, իսկ ներդրումները հոսում են դեպի ռազմավարական գործընկերոջ մոտ:

Նա նաև նկատեց, որ 2021 թվականի հունվար ամսին երկնիշ թվով անկում ունենք նաև արտահանման, ներմուծման, արտաքին առևտրաշրջանառության և տնտեսական բոլոր ցուցանիշներում:

«Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը չի գործում, այսինքն, եթե նա չլինի, գուցե շատ ավելի լավ լինի: Ռազմական առումով «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր», և մենք ինչպես ենք պատասխանում ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին, և ինչու չենք պատասխանում Ալիևին»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ երբ «Իսկանդերի» մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում և թյուրիմացություն է առաջացնում, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր սեպ են խրում: Նա հարց բարձրացրեց, թե, ի վերջո, ով է գցել բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ: