Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, այն պարագայում, երբ մենք քաղաքական օրակարգում ունենք մեկ հարց՝ դա դավաճանի հեռացումն է: Այս մասին այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Վարչապետը, ով դավաճանության համար պետք է դեռ պատասխան տա դատարանում, նա բարոյական, իրավական որեւէ հիմք չունի Հայաստանում իրականացնել արտահերթ ընտրություններ: Արդյո՞ք այն անձը, որը իրավական պատասխանատվություն պիտի կրի եւ դատարանի առաջ պիտի կանգնի իբրեւ դավաճան, նա բարոյական կամ քաղաքական իրավունք ունի՞ արտահերթ ընտրություններ կազմակերպելո՞ւ, իհարկե՝ ոչ։ «Հայրենիքի փրկության շարժումը» դեռ մեկ ամիս առաջ հանդես եկավ՝ ասելով, որ նախ պետք է Հայաստանը փրկել խայտառակ կորուստներից եւ վայրէջքից, այնուհետեւ երկրում ստեղծել այնպիսի քաղաքական կլիմա, հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որ բացասական լիցքավորված անհանդուրժողական մթնոլորտը կայունանա, եւ մենք կարողանանք ընտրություններ կազմակերպել: Բայց Նիկոլ Փաշինյանը, որը մեր պառակտման, մեր պարտությունների մեր հազարավոր կորուստների հիմնական մեղավորն ու պատասխանատուն է, չի կարող Հայաստանում ընտրություններ կազմակերպել»,- նշեց Գալստյանը:
«Հայրենիքի փրկության շարժման» օրակարգում առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ապա ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ կազմակերպելը։
«Նախեւառաջ պիտի երկրում կասեցնել երկրի գահավիժումը եւ հակաճգնաժամային քայլերով փրկել Հայաստանի հեռանկարը: Մենք այսօր ամեն վայրկյան Հայաստանի ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում»,- ընդգծեց նա։



