Մեր եվրահեռանկարը կանգնեցվել է մինչեւ ընտրութ...

ԵՄ-ին երկրի անդամակցության հեռանկարը լիովին կախված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Խորհրդարանական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 26-ին։ Վրաստանի նախագահի հայտարարությունը՝ արված մամուլի ասուլիսում, մեջբերել է Sova․news-ը։

Նրա խոսքով՝ այժմ Վրաստանի ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարները կանգնեցված են։

«Դա (ԵՄ-ին անդամակցությունը) մեր ողջ օրվա եւ ամբողջ հասարակության խնդիրն է։ Դա լիովին կախված է ընտրություններից։ Բոլորը սպասում են մեզ։ Ամեն բան կանգնեցված է, բայց դադարեցված չէ, սառեցված չէ եւ մշտական չի համարվում։ Սա կանգնեցում է... ընտրություններից առաջ, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, թե ինչպիսին է Վրաստանի բնակչության կամքը»,- նշել է Զուրաբիշվիլին։

Նա համոզված է, որ Վրաստանն արժանի է, որպեսզի վերադառնա եվրաինտեգրման ճանապարհ։

«Մենք եվրոպական երկիր ենք։ Մենք դրա համար երկար ճանապարհ ենք անցել, ինչը մեզ իրավունք է տալիս պահանջել արագ վերադարձ դեպի այդ ճանապարհ։ Դա կախված է մեր ընտրողներից»,- ամփոփել է Զուրաբիշվիլին։

Ինչպես հայտնի է, Վրաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վերջին ամիսներին կտրուկ վատացել են, նախ եւ առաջ Վրաստանի իշխանությունների ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի պատճառով։

Հունիսի վերջին կայացած գագաթաժողովում ԵՄ ղեկավարները հայտնեցին դե-ֆակտո Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կանգնեցնելու մասին։