Մեր երկրում այսօր առկա են քաղաքական բանտարկյա...

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ իր գործընկեր Արթուր Սարգսյանը չի մասնակցում Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին, քանի որ գտնվում է ապօրինի կալանքի տակ։

«Այդ ընթացքում կայացած երկու դատական նիստերը ևս ցույց տվեցին, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները որևէ կերպ չեն արտահայտում իրականությունը։ Սրանք իշխանության քարոզչական կեղծ մոտեցումներ են, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ»,- նշեց պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ մեր երկրում այսօր առկա են քաղաքական բանտարկյալներ, որոնց թիվը մոտ երեք տասնյակի է հասնում։ «Սա վկայում է ստեղծված ռեժիմի բռնատիրական մոտեցումների մասին։ Շատ քաղաքացիներ գտնվում են ոչ միայն ապօրինի անազատության մեջ, այլև ենթարկվում են քրեական հետապնդման, թեկուզ բանտերում չեն, բայց նրանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ»,- ընդգծեց նա։