
Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա փաստերի խեղաթյուրում է։
Այո, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։
Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում։
Ավելի պարզ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում, այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։
Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը. մենք պահանջում ենք, որ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից՝ դրան կից հնչում է ատելություն, թե ոչ»: