Մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնել...

Նախորդ տարի Հայաստանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք, որը մտել է ուժի մեջ: Շատերը մեզ հարցնում են՝ և ուրեմն ե՞րբ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ, և ինչքանո՞վ է Հայաստանի անդամագրումը ԵՄ-ին իրատեսական: Մենք ասում ենք, որ առանց ԵՄ ստանդարտների համապատասխանելու՝ հնարավոր չէ լինել ԵՄ անդամ, հետևաբար բոլոր դեպքերում մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնելն է ԵՄ ստանդարտներին: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նկատելի է, որ Հայաստանի կառավարությունը հստակ վճռականությամբ պատրաստ է եվրոպական ճանապարհով ընթանալու:

Փաշինյանը մանրամասնեց. «Այն պահին, երբ մենք օբյեկտիվորեն կհամապատասխանենք ԵՄ ստանդարտներին, կա երկու ճանապարհ՝ կա՛մ մեզ կընդունեն ԵՄ անդամ, կա՛մ չեն ընդունի ԵՄ անդամ: Եթե կընդունեն մեզ, շա՛տ լավ, եթե չեն ընդունի, շա՛տ լավ, մենք շատ ավելի կարևոր խնդիր լուծած կլինենք, ԵՄ ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր [կլինենք], ինչը էականորեն կուժեղացնի մեր ժողովրդավարությունը, կուժեղացնի մեր անկախությունը և բարեկեցությունը»: