Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ պետության հոգածությունն առ քաղաքացի և քաղաքացիների հոգածությունն առ պետություն, ինչպես նաև հանրային հոգածության ամբողջական միջավայրը զարգացման շատ կարևոր պայմաններ են, և այդ միջավայրի ձևավորման առումով Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց։
ԿԳՄՍ նախարարն այդ կարծիքը հայտնեց Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ։
«Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ չենք կարողանում մեզ պատշաճ գնահատել, այսինքն՝ կամ գերագնահատում ենք, կամ թերագնահատում, բայց հաշվի առնելով նաև այն զարգացումները, որ ապրել ենք, կարծում եմ՝ դա կարևոր փորձառություն է, որը պետք է հատկապես կրթական համակարգում։ Մեր բարեփոխումների առանցքում իրավիճակի պատշաճ գնահատման հմտությունն է, քանզի պետք է կարողանալ գնահատել թե՛ սեփական խնդիրները, թե՛ առաջընթացը։ Մեզ համար առավել ծանր էր 2020 թվականը, երբ համավարակի պատճառով փակվեցին դպրոցները, և մեր առջև դրվեց խնդիր, որն անտեսանելի էր և չկար աշխարհում որևէ պետություն, որ մեզ սովորեցներ, թե ինչպես պետք է վարվեինք այդ իրավիճակում։ Թեև ոչ ոք չուներ նման իրավիճակում գործելու փորձառություն, բայցևայնպես համակարգը չկանգնեց»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ մեր երկիրը համավարակի պայմաններում, որին հետո գումարվեց նաև պատերազմը, կարողացավ կրթական համակարգում ոչ միայն ապահովել գործընթացների շարունակականությունը, ոչ միայն ապահովել տեղահանված երեխաների կրթության իրավունքը, այլև կարողացավ շատ կարևոր կրթական բարեփոխումներ սկսել։
«Մեր ամենակարևոր բովանդակային բարեփոխումները մեկնարկել են հենց այդ դժվար պայմաններում, ինչը խոսում է այն մասին, որ իրականում մեր ներուժը ճիշտ գնահատելու կարիք ունենք՝ առանց գերագնահատելու։ Այդ գնահատականը ցույց է տալիս, որ ունենք աշխատող համակարգեր, մարդիկ, որոնց համար կարևոր է, որ այդ համակարգերն աշխատեն։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ պետությունն ու մարդիկ իրենց տեղում են։ Հոգածությունն իր հերթին այն մեծ ներուժն է, որի հիման վրա պետք է շարունակենք մեր գործունեությունը»,- նշեց Անդրեասյանը։
Նրա կարծիքով՝ մեր ամենալուրջ խնդիրը վստահության պակասն է՝ պետության վստահությունը քաղաքացու հանդեպ և հակառակը։ Ըստ նրա՝ «ունենք տասնամյակներով ձևավորված վատ ավանդույթներ, որոնք խանգարում են առաջ գնալ»։
«Մեր օրենսդրությունն, ըստ էության, մի բանի մասին էր՝ ինչպես կանխել շեղումներն ու ինչպես վերահսկել։ Օրենսդրության հիմնական առանցքը վստահությունն էր առ քաղաքացին, ով պետք է պահպաներ կանոնները։ Նույն հայելային վերաբերմունքը տեսանելի էր քաղաքացու կողմից պետության նկատմամբ։ Հանրությունն այդպես չի զարգանում։ Մենք կարող ենք զարգացման մասին խոսել այն ժամանակ, երբ քաղաքացիական գիտակցության, իրավագիտակցության և համակեցության կանոնների պահպանման անհրաժեշտությունն ու այդ համակեցության կանոնների պահպանման արդյունքում բոլորիս կյանքի որակի բարելավումը մեզ կբերի այդ կանոնների պահպանմանն առանց հսկիչների»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Նրա բնորոշմամբ՝ կանոններն այն մասին չեն, որ մեր ազատությունը սահմանափակվում է, այլ նրա մասին են, որ բոլորս կարողանանք ընթանալ զարգացման, մեր կարողությունների ընդլայնման, մեր երեխաների համար նոր պայմանների ձևավորման, մեր պետության առջև դրված խնդիրները լուծելու ճանապարհով։
«Մենք կանոններ չենք սիրում, մինչդեռ դրանց հանդեպ վերաբերմունքի համապատասխան ձևավորումը պետք է լինի մեր շատ կարևոր ջանքերի ուղղությունը, որում չափազանց նշանակալի դերակատարություն ունի կրթական համակարգը։ Այն վարքականոնները, որ ձևավորում ենք նաև երեխաների շնորհիվ դպրոցներում, ունի հանրային վարքականոնները փոխելու ներուժ։ Դա տեղի կունենա ավելի արագ, եթե մեծահասակները լինեն ավելի գիտակից ու իրազեկ, ավելի բաց՝ փոփոխությունների անհրաժեշտությունն ընդունելու և դրանց ընդառաջ գնալու համար։ Այստեղ ամենակարևորը երկխոսությունն է՝ անվերջ, հարատև և բովանդակային երկխոսությունը պետական ինստիտուտների, հանրության տարբեր խմբերի, քաղաքացիների հետ, որովհետև խնդիրները բարդ են, չունեն միանշանակ պատասխաններ, հետևաբար միայն քննարկումների միջոցով կարող ենք իսկապես հանրային հոգածության և համաձայնության միջավայր ձևավորել այն հարցերի շուրջ, որոնց լուծումն առաջնահերթ է և կարևոր մեր առաջընթացի համար»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։



