Առաջիկա 10 տարում Հայաստանը ոչինչ չի կարողանա արտահանել եվրոպական շուկա։ Այս մասին Նոյեմբերյանում ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Պատասխանելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին հարցին, որոնք խոստանում էին ՌԴ հայկական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների խնդրի շուտափույթ և բարեհաջող լուծում, Քոչարյանը նշել է, որ Փաշինյանը գաղափար անգամ չունի դեպի ՌԴ արտահանման ծավալների մասին. Հայաստանը չունի նման փողեր և կորուստները փոխհատուցելու հնարավորություն։ «Մի քանի օր առաջ ասում էին, թե հարցը տեխնիկական է, իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ասում էր, թե բոլոր հարցերը լուծված են»,- հավելել է Քոչարյանը։
«Այս մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում գյուղմթերքի արտահանումը Եվրոպա։ Առաջիկա 10 տարում ոչինչ չեն կարողանա արտահանել։ Դա շատ երկար ու բարդ գործընթաց է։ Եվրոպացի ֆերմերները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մուտք գործի իրենց շուկա»,- պարզաբանել է Քոչարյանը։
Մեկնաբանելով ԵԱՏՄ-ում գտնվելու և դեպի ԵՄ որդեգրած կուրսի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները, քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Ռուսաստանն ասում է, թե պատրաստ չէ ֆինանսավորել Հայաստանի դեպի ԵՄ ճանապարհը։ «Շատ կոշտ հայտարարություն է և, ըստ էության, ուլտիմատում։ Սա աղետ է հայկական տնտեսության համար։ Գյուղացիները պետք է որոշեն. քվեարկել Նիկոլի դեմ»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա համաձայնել է այն տեսակետին, որ եթե Փաշինյանը լիներ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալ, ապա հենց այդպես էլ կվարվեր երկրի տնտեսության հետ. «Սպանում են Հայաստանի տնտեսությունը, երևի թե թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով։ Այլ բացատրություն չկա։ Կա՛մ ժողովրդի նկատմամբ հալածանքի մանիա է, կա՛մ էլ հրահանգ է կատարում։ Ավելի շուտ՝ երկրորդ տարբերակը»։
«Փաշինյանը որ կզացած վիճակում է, ուզում է մեր տնտեսությունն էլ կզացած լինի Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ»,- նշել է քաղաքական գործիչը։
Մեկնաբանելով այն հանգամանքը, որ երեկվա հեռախոսազրույցից հետո պատժամիջոցներն ուժեղացել են, Քոչարյանը ենթադրել է, որ զրույցը եղել է ձևական՝ ծննդյան օրվա առթիվ, բայց եթե զանգերն այսպիսի հետևանքներ են ունենալու, «մենք բոլորս պետք է խնդրենք Փաշինյանին, որ ոչ մեկի հետ հեռախոսով չխոսի»։



