Երեկ ես զրուցել եմ Ռուսաստանի նախագահի հետ և շնորհակալություն հայտնել զանգի համար։ Նա զանգահարել էր ինձ ծննդյանս օրվա առթիվ շնորհավորելու համար, բայց մենք խոսեցինք նաև ընթացիկ գործերից, և դրական զրույց ստացվեց։ Հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ ստեղծված համատեքստում հիմա լավագույն քայլը կլիներ պարզապես «հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից և այլն»։ Նրա խոսքով՝ այն, ինչ վերաբերում է բուսասանիտարական նորմերին, սովորական բան է, որը միշտ էլ եղել է ու պետք է լինի, քանի որ առնչվում է քաղաքացիների առողջությանը և ԵԱՏՄ երկրների միջև մատակարարվող ապրանքների որակին, սակայն ներկայումս այդ հարցը քաղաքականացվում է։ Փաշինյանն ընդգծել է, որ այս սխալ քայլերն ու առանձին ընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները մարդկանց տրամադրում են Միության դեմ և Հայաստանի քաղաքացիների շրջանում բացասական ընկալում են ստեղծում ԵԱՏՄ-ի վերաբերյալ։ «Ես միակ պաշտոնական ներկայացուցիչն եմ, որը միաժամանակ հանդիսանում է և՛ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի, և՛ Միջկառավարական խորհրդի անդամ, և ինձ համար սա խնդիր է, բայց մենք այս բոլոր խնդիրները կլուծենք։ ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ ցույց տա և բացի, որպեսզի հանրապետությունում պահպանվի Միության դրական իմիջը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով էներգակիրների արժեքի թեմային՝ վարչապետը համաձայնել է այն դիտարկմանը, որ բնակիչների համար վերջնական գինը չափազանցված է ստացվում, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բավականին մեծ հավելագին է սահմանում։
Նրա գնահատմամբ՝ հենց այդ պատճառով տեղի բնակչությունն ու տնային տնտեսությունները չեն միանում ցանցին, իսկ հայտարարվող 165 դոլար գինն օբյեկտիվ չէ, քանի որ իրական գինը շատ ավելի բարձր է։ «Գիտեք, մենք պետք է լինենք թեկնածու կամ պետք է արդեն պաշտոնապես դիմած լինենք Եվրամիությանը՝ անդամակցելու համար, բայց քանի դեռ նման բան չկա, հանրաքվե անցկացնելու իրական պատճառ պարզապես գոյություն չունի»,- հավաստիացրել է Հայաստանի գործող ղեկավարը՝ պատասխանելով եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարի մասին հարցին։ Նա ընդգծել է, որ քանի դեռ այդ քայլը չի արվել, երկրում հանրաքվե չի լինի, բայց հենց որ դա տեղի ունենա, այդ ժամանակ էլ այն կանցկացվի։
Վարչապետը նաև մանրամասն բացատրել է, թե ինչու անձամբ չի մեկնելու ԵԱՏՄ շրջանակներում կայանալիք հաջորդ հանդիպմանը՝ հիշեցնելով, որ այս կապակցությամբ շատ քննարկումներ են եղել։ Նա նշել է, որ աշխատանքային գրաֆիկների արանքում հատուկ մեկնել էր Մոսկվա՝ անձամբ գործընկերներին և Վլադիմիր Պուտինին նախազգուշացնելու, որ իր նախընտրական արշավի հետ ժամկետների համընկնման պատճառով չի կարողանա ներկա գտնվել գագաթնաժողովին, և նախապես համաձայնեցրել է այդ միջոցառման անցկացումն առանց իր մասնակցության։



