Մեքսիկան և ԵՄ-ը մայիսի 22-ին կստորագրեն ռազմա...

Մեքսիկան և Եվրոպական միությունը (ԵՄ) մայիսի 22-ին Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք VIII երկկողմ գագաթաժողովի շրջանակում կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր և միջանկյալ առևտրային համաձայնագիր։ Այս մասին նշվել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության հրապարակած կոմյունիկեում՝ երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հեռախոսազրույցի արդյունքներով։

«Ակնկալվում է, որ գագաթաժողովի գլխավոր արդյունքներից մեկը կլինի «Մեքսիկայի և Եվրոպական միության միջև քաղաքական, տնտեսական և համագործակցության ոլորտներում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» (նորացված գլոբալ համաձայնագրի), ինչպես նաև միջանկյալ առևտրային համաձայնագրի ստորագրումը»,- նշվել է փաստաթղթում։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նոր պայմանագիրը «կթարմացնի և կխորացնի քաղաքական, համագործակցային և տնտեսական հարաբերությունների գործող շրջանակները», որոնք սահմանվել էին 25 տարի առաջ։ «Համապարփակ բնույթ կրող այս համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները բոլոր ոլորտներում և հիմք կդնի ռազմավարական հատվածներում ավելի խոր համագործակցության համար՝ ի նպաստ երկու կողմերի կայուն զարգացման», - նշվել է տեքստում։

Եվրոպական միությունը հանդիպմանը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որոնց աշխատանքային ծրագիրը Մեքսիկայում կմեկնարկի մայիսի 21-ին։ Շեյնբաումն ու Կոշտան համաձայնել են, որ առաջիկա գագաթաժողովը «կդառնա երկկողմ հարաբերություններում վճռորոշ պահ և թույլ կտա ամրապնդել ռազմավարական գործընկերության նոր փուլը» Մեխիկոյի և Բրյուսելի միջև։