Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չե...

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին

Վարչապետը անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ կապված Հայաստանի հնարավոր տնտեսական իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման մասին պնդումների հետ։

«Ես անհնար եմ համարում այդպիսի բանը։ 2018 թվականին, 2021 թվականին էին ասում։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Նայեք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը մշտական աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ, ինչը հարաբերություններին տալիս է առանձնահատուկ բովանդակություն։

Վարչապետը նաև ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի մտել և չի մտնելու հակադրությունների մեջ Ռուսաստանի հետ։

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում և չենք վիճելու։ Մեզ հակադրությունների ներքաշելու փորձերը՝ լինի տնտեսական, քաղաքական, սին են »,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ենթադրում է նաև Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում, և Հայաստանը շարունակում է այդ ուղեգիծը։