Թող ընդդիմադիր ուժերը իրենց առաջարկներով հանդես գան, թե օրինակ անկախության հռչակագրի նշումը նոր սահմանադրության մեջ մեզ ինչ է տալու, եթե Անկախության հռչակագրի նախաբանում կան ժամանակավրեպ նպատակադրումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք ինչի՞ համար ենք նոր սահմանադրություն մշակում, մենք ուզում ենք հասկանալ հիմա որտեղ ենք և ուր ենք գնում և ինչպիսի պետություն ենք և ինչպիսի նպատակներով ենք գործելու և հանուն ինչի ենք գործելու։ Անկախության հռչակագիրը որևէ մեկը պատմության էջերից չի կարող ջնջել և այդպիսի միտք էլ չի կարող ունենալ, բայց փաստն այն է, որ Անկախության հռչակագրի նպատակադրումներն այլևս ժամանակավրեպ են, մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման։
Մենք ունենք նպատակ Հայաստանի Հանրապետության հարատևության, բարեկեցության, զարգացման, անկախության, ինքնիշխանության ամրապնդման։ Սրանք են մեր նպատակները։
Մենք շնորհակալ ենք այն խաղաղության համար, որ այսօր ունենք, և մենք ուզում ենք փայփայել այդ խաղաղությունը և ինստիտուցիոնալ դարձնել: Մենք այսօր խոսում ենք փաստերի և այսօրվա մասին, այսօրվա իրականությունը այլ բանի մասին է»,– ընդգծեց Գալյանը։



