Ինձ այս երկրում տիրող բոլոր վիճակները մտահոգում են, և իմ «Երկրապահը» մինչև այսօր Սյունիքում է և մյուս սահմաններին՝ ևս: Մենք կանգնել ենք սահմաններին մինչև այսօր, որ մեր բանակը ազատ լինի, իր գործողություներն անի, հզորանա, համալրվի և այն մարտունակ տեսքին գա, որին եղել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Ինչ վերաբերում է Սյունիքի վերջին դեպքերին, դա մի քանի մարդու ձեռագիր էր, և դա գալիս է նախորդ մարդկանցից, որոնք ուզում են վերարտադրվել, իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ սյունեցիները հավաքվեին և վարչապետին հարցեր ուղղեին»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Իր խոսքում նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը և նշեց՝ պատմությունից, ցավոք, չկարողացանք դասեր քաղել, և մեր ներքաղաքական, արտաքին դիվանագիտական կորպուսը դասեր չքաղեց:
«Մենք պետք է լինենք համախմբված և հզոր, պետք է նորմալ բանակ ունենանք, որպեսզի կարողանանք իրավիճակը հաղթահարել: Ես՝ որպես պատերազմի միջով անցած մարդ, ասում եմ՝ մենք ունենք դարավոր թշնամի՝ թուրքը, որից պետք է միշտ զգույշ լինենք, և զենքը միշտ պետք է մեր ձեռքին լինի»,- նշեց նա:



