Պետությունը պարտավոր է գիշեր-ցերեկ աշխատել՝ անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման կարևոր մարդասիրական խնդիրը լուծելու համար։ Այս մասին դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Ինչպես ընդգծել է Թաթոյանը, խաղաղ գործընթացը չի կարող անտեսել մարդու իրավունքները։ Միաժամանակ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը չկարողանա մանիպուլյացիա անել այդ հարցերով։ Թաթոյանը հիշեցրել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում ամրագրված է, որ կողմերն անհրաժեշտության դեպքում միջազգային կազմակերպությունների միջոցով տվյալներ կփոխանցեն միմյանց։ Ընդ որում, անհայտ կորածների որոնման մանրամասները թողել են ավելի ուշ՝ նկատի ունենալով առանձին փաստաթղթի ընդունումը։ Իսկ թե ինչ պայմաններով և երբ՝ անհայտ է։ Մինչդեռ գոյություն ունի Բռնի անհետացած անձանց պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, կա կոմիտե, կան շտապ հետաքննությունների, պետությունների պարտավորությունների կատարման մեխանիզմներ։ Թաթոյանի խոսքով, եթե Հայաստանը դիմեր թվարկված մեխանիզմներին, միջազգային վերահսկողություն կստանար Ադրբեջանի գործողությունների նկատմամբ։ «Իսկ հիմա Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում և հայտարարում է արտաշիրինման մասին։ Իսկ մենք որտեղից իմանանք, թե ում մասին է խոսքը»,— ընդգծել է Թաթոյանը։ Նա հավելել է, որ Ադրբեջանը երկար ժամանակ փորձել է մեկուսացնել հարցը միջազգային կազմակերպություններից, ինչի հետ էլ կապված է ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցչությունների փակումը, ինքը չի վավերացնում միջազգային համաձայնագրերը այդ ոլորտում, որպեսզի հետո Հայաստանին պահանջներ ներկայացնելու հնարավորություն ունենա։
«Եթե մենք սահմանափակվենք միայն այդ համաձայնագրով՝ հետո չենք կարողանա գործել միջազգային կազմակերպությունների միջոցով»,— նախազգուշացրել է Թաթոյանը։ Նա հիշեցրել է, որ որոնումների գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարազատները չստանան իրենց մտերիմների ճակատագրերի մասին հարցերի պատասխանները։ Մարդու կյանքից ավելի կարևոր հարց չի կարող լինել, իսկ նրանք փորձում են դա տանել քաղաքական հարթություն, որպեսզի հետո մանիպուլյացիա անեն, նշել է Թաթոյանը։ Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի համոզեր ԱՄՆ-ին՝ ստիպել Ադրբեջանին վավերացնել ՄԱԿ-ի կոնվենցիան և հնարավորություն ստանալ իրավիճակը վերահսկելու, այլ ոչ թե որևէ մեկին ապավինելու համար։
«Սա տառապանք է։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ հասարակության մի մասը ապրում է անընդհատ տառապանքի մեջ։ Սա անընդունելի է թե՛ իրավական, թե՛ մարդկային տեսանկյունից», - նշել է Թաթոյանը։



