Տեսանյութ. Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ խոս...

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը:

«Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», - ասաց նա:

«Մեզ համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի ու Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը, այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում:

«Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու օրակարգը ու շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - ասաց նա:

Նա հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը:

Փաշինյանն ասաց, թե այդ հայտարարություններում տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության», - հայտարարեց Փաշինյանը: