Հայաստանում 15-ամյա աշակերտների 81%-ը չի հաղթ...

Հայաստանցի 15-ամյա աշակերտները լուրջ խնդիրներ ունեն մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցանության ոլորտներում։ Այս մասին վկայում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած PISA 2025 միջազգային գնահատման արդյունքները։ Հայաստանն առաջին անգամ է մասնակցել PISA ծրագրին։ 2025 թվականին անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հայաստանից գնահատմանը մասնակցել է 6804 աշակերտ՝ 293 դպրոցից։ Ընդհանուր առմամբ PISA 2025-ին մասնակցել է ավելի քան 760 հազար 15-ամյա աշակերտ՝ 91 երկրից։ Հայաստանի ցուցանիշները OECD-ի միջինից ցածր են բոլոր երեք հիմնական ուղղություններով։ Առավել մտահոգիչ է, որ աշակերտների մեծ մասը չի հասել անգամ PISA-ի սահմանած նվազագույն՝ երկրորդ մակարդակին, որը համարվում է գիտելիքները հետագա ուսուցման և առօրյա իրավիճակներում կիրառելու համար անհրաժեշտ բազային շեմ։ Բնագիտությունից հայաստանցի աշակերտների միայն 28%-ն է հասել առնվազն բազային մակարդակին, մինչդեռ OECD միջինը 74% է։ Այսինքն՝ աշակերտների շուրջ 72%-ը չի հաղթահարել բազային շեմը։ Բարձր՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակի արդյունք գրեթե ոչ ոք չի գրանցել։ Մաթեմատիկայից ևս միայն 28%-ն է հասել առնվազն բազային մակարդակին՝ OECD-ի 65%-ի դիմաց։ Հայաստանի աշակերտների մոտ 72%-ը բազային մակարդակից ցածր է, իսկ լավագույն՝ 5-րդ կամ 6-րդ մակարդակին հասել է ընդամենը մոտ 1%-ը։ Ամենավատ պատկերը ընթերցանությունից է։ Հայ աշակերտների ընդամենը 19%-ն է հասել նվազագույն բազային մակարդակին, OECD-ի 69% միջինի դիմաց։ Սա նշանակում է, որ Հայաստանի 15-ամյա աշակերտների շուրջ 81%-ը չի ցուցաբերել PISA-ի սահմանած բազային ընթերցանության հմտությունները։ PISA-ն համարվում է կրթական համակարգերի արդյունավետության գնահատման միջազգային կարևորագույն գործիքներից մեկը։ Այն ստուգում է ոչ միայն դպրոցում սովորած նյութը, այլև գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու, խնդիրներ լուծելու և քննադատաբար մտածելու աշակերտների կարողությունները։ Հետազոտությունը միաժամանակ ցույց է տալիս, որ կրթական արդյունքների վատթարացումը միայն Հայաստանի խնդիրը չէ։ OECD երկրներում մաթեմատիկայի և ընթերցանության միջին արդյունքները հասել են PISA-ի պատմության ընթացքում գրանցված ամենացածր մակարդակներին։ Միջազգային առաջատարների շարքում հիմնականում Արևելյան Ասիայի կրթական համակարգերն են՝ Սինգապուրը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և PISA-ին մասնակցած չինական շրջանները։ Բարձր արդյունքներ են գրանցել նաև Էստոնիան և Մեծ Բրիտանիան։ Հայաստանի դեպքում, սակայն, հիմնական մտահոգիչ ցուցանիշը մնում է այն, որ ընթերցանությունից 10 աշակերտից մոտ 8-ը, իսկ մաթեմատիկայից և բնագիտությունից՝ մոտ 7-ը չեն հասնում անգամ PISA-ի բազային մակարդակին։