Ես երեկ տեսա, որ դեպի Վաղատինի դպրոց տանող ճանապարհը նորոգման կարիք ունի, մենք պայմանավորվել ենք, որ նոր կառուցված դպրոց պետք է տանի նորոգված, հիմնանորոգված կամ միջին նորոգված ճանապարհ, նաեւ պայմանավորվել ենք, որ միկրոավտոբուս տրամադրենք, որ երեխաներին դպրոց տանի ու վերադարձնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ Վայոց Ձորի մարզ այցելությանը:
«Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ասել, որ այդ թվում մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ մենք Հայաստանը դուրս ենք բերել տնտեսական զարգացման նոր ուղեծիր, ինչը շատ ուրախալի լուր է:
Սա չի նշանակում, որ մենք մոռանում ենք այն բոլոր պրոբլեմները, որ գնում, տեսնում ենք մարզերում: Մասնավորապես, շինարարության ոլորտում: Ուրախալին այն է, որ հիմա արդեն, ի տարբերություն որոշ ժամանակ առաջվա, արդեն հանդիպում են շինօբյեկտներ, որտեղ կես ժամանոց այցի ընթացքում թերություններ աչքի չեն զարնում:
Եթե մենք ուզում էինք դպրոցաշինության հարցում չունենայինք այն խնդիրները, որոնք ունեցանք, պետք է առնվազն նախորդող շրջանում 100 դպրոցի կառուցման փորձ լինել Հայաստանում: Մենք հիմա եւ կառուցում ենք, եւ սովորում ենք»,-ասաց նա:



