
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով այցելում է Հայաստան, եւ այցը կարելի է պատմական համարել:
«Մենք երկու ազգ ենք, բայց՝ մեկ քաղաքակրթություն: Մեր հարաբերությունները բարեկամական ու ջերմ են, Ֆրանսիան մեր երկրի ու մեր քաղաքացիների համար հարազատ երկիր է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերն Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի ռազմատենչ քաղաքականության ու ագրեսիվ գործողությունների դեմ ժողովրդավարական Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության ու աջակցության հարցում:
Խոսելով հետպատերազմյան Արցախից եւ Լաչինի ճգնաժամից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել այդ խնդիրների լուծման հարցում մեր երկրին աջակցելու համար: Նա հիշատակել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 44-օրյա պատերազմից հետո ընդունված բանաձեւերը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւի ընդունումը: Կողմերը մանրամասն քննարկել են այս պահին Արցախում տիրող իրավիճակը՝ անընդունելի համարելով ադրբեջանական կողմից 120.000 հայերի իրավունքների ոտնահարումը:
Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման գործում երկու երկրների խորհրդարանների միջեւ ծավալված սերտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի նշանակալի ավանդը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: